ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտել է նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման հայցի քննությունը

07.03.2008, 14:42
ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտել է նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման հայցի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտել է նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման հայցի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանն ուրբաթ ավարտել է նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին հայցերի քննությունը՝ լսելով կողմերի եզրափակիչ ելույթները։

Երեքշաբթի ՍԴ-ն մեկ վարույթով սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման դիմումները, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ փետրվարի 27-ին և 29-ին, համապատասխանաբար։

Ինչպես հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ղազարյանը, գործի քննության ժամանակ ներկայացվել են ընտրություներին տեղի ունեցած խախտումների բավականին լուրջ ապացույցներ, որոնք արձանագրվել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցում։

«Սակայն գործի քննության ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչները կրկնակի չափորոշիչներ կիրառեցին այդ զեկույցի վերաբերյալ՝ ընդունելով իրենց համար շահավետ նորմերը և ժխտելով մնացած բոլորը»,- ընդգծեց Ղազարյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքերով, հայցվոր կողմին հաջողվել է ներկայացնել որոշ թեկնածուների կողմից նախընտրական քարոզարշավի կաննոների խախտման ապացույցները, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությունը քարոզարշավին, ինչն արգելվում է օրենքով։

Իր հերթին պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասաց, որ հայցվոր կողմն ընդամենը ներկայացրել է բազմաթիվ փաստեր, որոնք որևէ առնչություն չունեն քննվող գործի հետ։

«Տվյալ փաստերի զուտ թվարկումը չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի ընտրությունները ճանաչվեն անվավեր, առավել ևս, որ խախտումների փաստերի և այն հանգամանքի միջև, որ դրանք կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, պատճառային կապ չկա»,- հաղորդեց Ազարյանը։

Գործով համապատասխանողներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, միջնորդել են ՍԴ-ին, որպեսզի մերժի թեկնածուների հայցը։ Թամազյանի խոսքերով, ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները զանգվածային և կազմակերպված բնույթ չեն կրել, իսկ դիմողի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արհեստական են։

Ինչպես նշեց Արարատ Մահտեսյանը, դիմողի կողմից բերված բոլոր հիմնավորումները հերքվել են պատասխանողների կողմից։ Թեկնածուների ներկայացուցիչների ներկայացրած ապացույցներն ունեցել են չապացուցված և խորհրդավոր բնույթ, իսկ բուն դատական գործընթացը դիմողներն օգտագործել են քաղաքական հայտարարություններ անելու համար։

Այս պահին Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու նպատակով։--0—