Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մոտակա ամիսներին քիչ հավանական է
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը քիչ հավանական է համարում մոտակա ամիսներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Չեմ կարող ոչինչ բացառել, սակայն մինչև ապրիլի 9-ը մեկ ամիս է մնացել, և կարծում եմ, որ նախագահների հանդիպման հնարավորությունը շատ չնչին է», - ասաց նա ուրբաթ լրագրողներին։
Ապրիլի 9-ին ավարտին է մոտենում ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամկետը։ Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով՝ ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Սողոմոնյանը նշեց, որ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում յուրաքանչյուր հարմար պահ կօգտագործվի՝ նախագահների մակարդակով հանդիպումներ անցկացնելու համար։
«Այս ամենին, ինչպես դուք գիտեք, նախորդում են որոշ գործընթացներ, սկզբում տարածաշրջան են այցելում համանախագահները և ներկայացնում են իրենց առաջարկները, դրանից հետո միայն կազմակերպում են նախագահների հանդիպումը», - ասաց նա։
Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ներկա պահին տեղի է ունենում ՀՀ նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, և քննարկվող հարցերի թվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Սպասումը մեկն է, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի, և անցած օրերին սահմանի վրա տեղի ունեցած բոլոր սադրանքները դադարեն և մնան անցյալում», - ասաց նա։
Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկի վրա և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։ Հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից, որոշ տվյալներով, զոհվել է ութ մարդ։-0-

