Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. Սարգսյան

07.03.2008, 14:09
Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

«Ես միշտ կարծել և կարծում եմ, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ փոխզիջումների հիման վրա։ Իսկ այդ փոխզիջումները պետք է խելամիտ լինեն»,- ասել է  Սարգսյանը։

«Ես ինքս ծնունդով Լեռնային Ղարաբաղից եմ. ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, զբաղեցրել ամենապատասխանատու պաշտոններ։ Բնականաբար, ես քաջատեղյակ եմ այդ տարածաշրջանի հիմնախնդիրներին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնի է արդեն ավելի քան 15 տարի»,- ավելացրեց նա։

Վարչապետի խոսքերով, նա այս հիմնախնդրի շուրջ իր տեսլականով ելույթ է ունեցել նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Ընտրողների այն ձայները, որոնք ես ստացել եմ, ապացուցում են, որ հայ հասարակությունը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության լուծման իմ մոտեցումներին։ Ես կարծում եմ, որ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքը։ Առաջին հայացքից, դրանք միանգամայն անհամատեղելի են։ Բայց ես վստահ եմ, որ միայն առաջին հայացքից։ Հենց այս հիմքով էլ, հասկանալով միմյանց խնդիրները, մենք կարող ենք խելամիտ փոխզիջում գտնել»,- ասաց Սարգսյանը։--0—