«Մորելիա-Լինարես 2008» շախմատի գերառաջնության նախավերջին փուլից հետո Արոնյանը կիսում է երրորդ-չորրորդ տեղերը
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Մորելիա-Լինարես 2008» շախմատի գերառաջնության նախավերջին՝ 13-րդ փուլից հետո հավաքել է 7 միավոր և կիսում է երրորդ-չորրորդ տեղերը բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Լինարեսում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մագնուս Կառլսենի հետ (Նորվեգիա)։
13-րդ փուլում ոչ-ոքի են խաղացել նաև Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)։
Արոնյանը մեկ միավորով զիջում է առաջնության առաջատար Անանդին։ 7,5 միավորով երկրորդ տեղում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը։
Նախօրեին Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) հաղթանակ է տարել Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) նկատմամբ, իսկ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)՝ Պետեր Լեկոյի (Հունգարիա) նկատմամբ։
Այսպիսով, այսօրվա դրությամբ 6,5 միավորով հինգերորդ տեղն է զբաղեցնում Ռաջաբովը։ Առաջնության աղյուսակը 5-ական միավորով եզրափակում են Լեկոն և Շիրովը։
14-րդ փուլում Արոնյանը կխաղա Լեկոյի, Անանդը՝ Տոպալովի, Կառլսենը՝ Ռաջաբովի և Շիրովը՝ Իվանչուկի հետ։
«Մորելիա-Լինարես-2008» 21-րդ կատեգորիայի շախմատի գերառաջնության առաջին շրջանն անցել է Մորելիայում (Մեքսիկայում)՝ փետրվերի 15-23-ը, երկրորդ շրջանն ընթանում է Լինարեսում (Իսպանիա)՝ փետրվարի 28-ից մարտի 7-ը։
Այս առաջնությունն անցկացվում է 1978 թ.-ից, ավելի վաղ այն տեղի էր ունենում միայն Իսպանիայի Լինարես քաղաքում։ 2006 թ.-ից գերառաջնության առաջին շրջանն անցկացվում է Մեքսիկայի Մորելիա քաղաքում, որտեղից գրոսմայստերները այնուհետև տեղափոխվում են Իսպանիա։-0-

