Լևոն Հայրապետյան. Հայ ժողովուրդը չի կարող իրեն քաղաքացիական պատերազմ թույլ տալ

07.03.2008, 12:23
Լևոն Հայրապետյան. Հայ ժողովուրդը չի կարող իրեն քաղաքացիական պատերազմ թույլ տալ

Ռուսաստանի գրեթե երկու միլիոնանոց հայկական համայնքը շարունակում է քննարկել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իր պատմական հայրենիքում ստեղծված և այնուհետև իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքացիական դիմակայության վերածված իրավիճակը։ Ռուսաստանի հայտնի ձեռնարկատերեր, Մոսկվայի հայկական համայնքի նշանավոր ներկայացուցիչ, «Սոբեսեդնիկ» հրատարակչական տան տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Հայրապետյանը կարծում է, որ մարդկային զոհերի բերած անկարգությունների մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն են։

«Ես նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ որպես քաղաքական գործչի հիմնական հատկանիշն եմ համարում նրա անիրազեկությունը պետության ղեկավարման հարցում»,- հայտարարել է պրն. Հայրապետյանը։ «Հայտնիէ, որ նրա ընտրազանգվածը՝ հասարակության ապադասակարգայնացած մասն է։ Եթե նրանք որևէ գաղափարական պլատֆորմ ունենային, ապա չէին ավերի խանութները։ Նա (Տեր-Պետրոսյանը – Խմբ.) ընդհանրապես թիմ չունի։ Կան միայն իշխանասերներ, որոնք ցանկանում են ղեկավարել Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներ՝ հարստանալու համար», - հայտարարել է Հայրապետյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Լևոն Հայրապետյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին տնտեսությունն ու սոցիալական կյանքը Հայաստանում հետընթաց են ապրել, կոռուպցիան արագ տեմպերով աճել է, ժողովուրդը աղքատ էր և զանգվածային կերպով ստիպված էր հեռանալ Հայաստանից՝ առաջին հերթին դեպի Ռուսաստանի Դաշնություն։

«Նոր իշխանությունը կարգուկանոն հասատատեց, տիրեց կայունություն։ Երկրի ՀՆԱ-ն աճում է երկնիշ թվերով, թեև ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր ավելի արագ զարգանալ։ Կոռուպցիան, ինչպես հետխորհրդային շատ պետություններում, վերջնականապես արմատախիլ արված չէ, թեև արդեն անցյալում է նրա նախկին տոտալ բնույթը», - կարծում է հայտնի ռուսաստանցի գործարարը՝ հայկական համայնքի ներկայացուցիչը։

Պրն. Հայրապետյանը նշել է, որ հենց ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էին արգելված ռուսական դպրոցները։ Այսօր հենց նրա կողմնակիցներն են ավերել Յուրի Լուժկովի կողմից բացված Մոսկվայի Տունը Երևանում։ Այնպես որ, հակառուսական ուղղվածությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ լիովին որոշակի է, կարծում է Լևոն Հայրապետյանը։

«Հայերը երբեք քաղաքական շարժառիթներով քաղաքացիական պատերազմ չեն ունեցել։ Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող ազգը չի կարող իրեն քաղաքացիական պատերազմ թույլ տալ։ Լարվածության էսկալացիան՝ հայ ազգի կործանման ճանապարհն է։ Ընդդիմությունն ընտրություններում պարտվել է։ Այժմ Տեր-Պետրոսյանն ունի միայն 20 տոկոս։ Ինչպե՞ս է նա պատրաստվում ղեկավարել, երբ բնակչության 80 տոկոսը դեմ է նրան», - եզրափակել է Լևոն Հայրապետյանը։

Ինչպես հայտնի է, փետրվարին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում ձայների 21.7 տոկոսը հավաքած և երկրորդ տեղը զբաղեցրած նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները, չհամաձայնելով վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ, Երևանում կազմակերպել են բողոքի զանգվածային ցույցեր։ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Ընտրությունների արդյունքների վերանայում պահանջող ընդդիմության բողոքի ցույցերից մեկն ավարտվել է զանգավածային ջարդարարությամբ Երևանի կենտրոնում, որից հետո ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում հայտարարել է արտակարգ դրություն։-0-