ՀՀ նախագահը կարծում է, որ Երևանում ձեռնարկված միջոցառումները համարժեք են ստեղծված իրավիճակին

06.03.2008, 20:00
ՀՀ նախագահը կարծում է, որ Երևանում ձեռնարկված միջոցառումները համարժեք են ստեղծված իրավիճակին
ՀՀ նախագահը կարծում է, որ Երևանում ձեռնարկված միջոցառումները համարժեք են ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Երևանում ձեռնարկված միջոցառումները համարժեք են ստեղծված իրավիճակին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Քոչարյանը հայտարարել է Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ:

Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգություն և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, ՀՀ նախագահի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

Ջոն Պրեսկոտը Հայաստանում է՝ ուսումնասիրելու համար հետընտրական իրավիճակը։

Զրուցակիցներն անդրադարձել են  Հայաստանի  հետընտրական գործընթացներին, մասնավորապես, չարտոնված հանրահավաքի արդյունքում մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրված անկարգություններին, այդ ամենի հետևանքով երկրում առաջացած լարվածությանը։

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, նախագահը պարզաբանումներ է տվել ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահին մտահոգող խնդիրների վերաբերյալ:

Նշելով, որ ձեռնարկված միջոցները միանգամայն համարժեք էին ստեղծված վիճակին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` մայրաքաղաքում իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և բնականոն հուն վերադառնալու համար:

Իր հերթին Ջոն Պրեսկոտը նշել է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի լուծման հիմնական ճանապարհը վստահության մթնոլորտի ստեղծումն է։--0—