ՌԴ-ի հետ համատեղ Հայասատնում կստեղծվի ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման ընկերություն

06.03.2008, 19:04
ՌԴ-ի հետ համատեղ Հայասատնում կստեղծվի ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման ընկերություն
ՌԴ-ի հետ համատեղ Հայասատնում կստեղծվի ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 6-ի նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարությանը` ՀՀ տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնելու նպատակով փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու ուղղությամբ բանակցություններ վարել ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս որոշումն ընդունվել է 2008թ. փետրվարի 6-ի` ՀՀ բնապահպանության նախարարության և  ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագրի հիման վրա։

Կառավարությունը հավանություն է տվել նոր ստեղծվող ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնել սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46 մլն 120.5 հազար ՀՀ դրամի (մոտ 150,3 հազար դոլար) չափով: Ընդ որում, սահմանվել է, որ ստեղծվող ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը:

ՓԲԸ-ի ստեղծման նպատակով ՀՀ-ի անունից ՓԲԸ-ի հիմնադիր պայմանագրի և այլ փաստաթղթերի ու կանոնադրության հաստատման, ինչպես նաև դրա համար օրենքով նախատեսված բոլոր գործողությունների իրականացման իրավունքը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարին: ՀՀ բնապահպանության նախարարին են վերապահվել նաև նորաստեղծ ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները:

ՀՀ կառավարության  աշխատակազմի ղեկավարին, ՀՀ արդարադատության և բնապահպանության նախարարներին  հանձնարարվել է` համատեղ քննարկել  ՀՀ  ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի առաջարկությունները  և, անհրաժեշտության   դեպքում,  դրանք հաշվի առնել  որոշման նախագծում:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր 2008 թվականին Հայաստանի տարածքում ուրանի պաշարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում ներդնել 3 միլիոն դոլար։ Ըստ կանխատեսումների, ուրանի պաշարը Հայաստանում կազմում է 30-60 հազար տոննա։--0—