Ոչ սթափ վիճակում գտնվող Երևանի քաղաքացին դանակով հարձակվել է ոստիկանների վրա, զոհեր չկան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոչ սթափ վիճակում գտնվող Երևանի քաղաքացին դանակով հարձակվել է ոստիկանների վրա, զոհեր չկան։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, նախօրեին՝ ժամը 21.30-ին, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում Սախարովի հրապարակում ծառայություն կատարելու ժամանակ տեսել են մի քաղաքացու, որը հայհոյել է իշխանություններին և ոստիկանության աշխատակիցներին։ Երբ նրան փորձել են կարգի հրավիրել, նա, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարվածել իրենց և տվել սպանության սպառնալիքներ:
Բաժին բերման ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Արամ Սանոյանն է: Սանոյանը ներկայացրել է 11 սմ շեղբի երկարության գաղտնի փականով դանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:--0—