ՀՀ վարչապետը նախարարներին կոչ է արել ակտիվանալ՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դիմել է կառավարության անդամներին՝ կոչ անելով առավել ակտիվանալ՝ ելնելով երկրի ներքաղաքական իրավիճակից։
«Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, և այս առումով ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» Սերժ Սարգսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Սարգսյանը նշեց, որ պետք է երկխոսություն հաստատել, «պետք է վիճել, բացատրել նույնիսկ, եթե դիմացինդ չի հասկանում, նույնիսկ եթե դիմացինդ ատելությունից կուրացած է»։
Վարչապետի խոսքերով, կառավարության անդամների աշխատանքում պասիվություն է նկատվում, մասնավորապես՝ միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված:
«Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից և ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է և առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Սարգսյանը հայտարարեց, որ հանրապետությունում «տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել, ինչում մեղավոր ենք նաև մենք»։
«Բայց այսօր ես չեմ ուզում խոսել մեղավորների մասին, այլ այդ աղետի հետևանքների վերացման մասին, որովհետև բացի մարդկային կորուստներից (որոնք կարող էին լինել ավելի շատ, եթե համարժեք միջոցներ չձեռնարկվեին), մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, և կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- պարզաբանեց նա:
Միաժամանակ վարչապետն ավելացրեց, որ առաջինը շատ հեշտ է և արագ վերացվող է, այս առումով քաղաքապետարանը, ֆինանսների և արդարադատության նախարարությունները շատ արագ պետք է արձագանքեն և առաջարկություններ ներկայացնեն։
Սարգսյանը հատկապես ընդգծեց, որ բանակը կարողացավ մեկ անգամ ևս ապացուցել, որ կայացած կառույց է և կարողացավ համարժեք արձագանքել անվտանգությանը սպառնացող խնդիրներին։
«Մենք այս իրավիճակը նկարագրել էինք Ազգային անվտանգության հայեցակարգում այն ժամանակ, երբ շատ-շատերին թվում էր, թե սա տեսական դրույթ է, որ այսպիսի բաներ հնարավոր չեն: Ցավոք սրտի, հնարավոր եղավ»,- ասաց նա։
Որպես ամփոփում՝ վարչապետը բոլորին կոչ արեց ակտիվ և նախաձեռնող լինել։
«Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը:
Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգություն և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, ՀՀ նախագահի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։
Ընդդիմության հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվել է 36 տրանսպորտային միջոց, թալանվել և ավերվել են խանութներ և մասնավոր գրասենյակներ։--0—

