Բորիս Գրիզլովը և Ալեքսի Երկրորդը շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

06.03.2008, 18:03
Բորիս Գրիզլովը և Ալեքսի Երկրորդը շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը շնորհավորել են Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կծառայի մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ` պարոն նախագահ, քաջառողջություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ, բարօրություն, խաղաղություն և բարգավաճում` հայ ժողովրդին»,- ասվում է Բորիս Գրիզլովի ուղերձում։

«Հայ ժողովուրդն իր վստահությունն է հայտնել Ձեզ, քանզի բազում փորձությունների ենթարկվելով անցյալում՝ լավագույն կյանքի հույսեր է փայփայում Ձեր ղեկավարությամբ: Ձեր ընտրությունը հիմք է տալիս հուսալու, որ միավորելով ջանքերը՝ մենք կարող ենք հաղթահարել բոլոր ժամանակավոր դժվարություններն ու փորձությունները, իսկ բեղմնավոր փոխգործակցությունը հոգևոր և աշխարհիկ ղեկավարության միջև, մեր երկրների միջև կնպաստի կայունության ամրապնդմանն ու բարգավաճմանը, և ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև ամբողջ Անդրկովկասի»,- ասվում է Ալեքսի Երկրորդի ուղերձում։

ԿԸՀ վերջնական տվյալներով, ՀՀ նախագահ է ընտրվել ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։--0—