Միայն ՍԴ-ն կտա Հայաստանի նախագահական ընտրությունների իրական գնահատականը. Պրեսկոտ

06.03.2008, 17:11
Միայն ՍԴ-ն կտա Հայաստանի նախագահական ընտրությունների իրական գնահատականը. Պրեսկոտ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Միայն ՍԴ-ն պետք է որոշի՝ Հայաստանում նախագահական ընտրություններն արդար էին, թե ոչ, ասել է Հայաստանում հետընտրական փաստահավաք առաքելություն իրականացնող  ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյան հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակության հետ կապի վարչությունից, Պրեսկոտի դերն է օժանդակել դժվարին իրավիճակում հայտնված ԵԽ անդամ երկրին և առավելագույն ժողովրդավարական մասնակցություն ապահովել երկրի քաղաքական կյանքում:

«Եթե զանգվածային ցույցերով իրավիճակը ապակայունացնելու վտանգ կա, յուրաքանչյուր կառավարություն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ վիճակը շտկելու համար»,-ասել է Պրեսկոտտը:

Սակայն նա նշել է, որ յուրաքանչյուր իրավիճակում կան տարբեր մեկնաբանություններ` թե ինչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պիտի դատարանները տան:

«ԵԽ-ի նպատակն է արդար գնահատական տալ ընտրությունների ընթացքին, այդպիսի գնահատական տրվել է քվեարկությունից անմիջապես հետո՝ նշելով, որ վերջնական գնահատականը կտրվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,-ասել է Պրեսկոտտը:

Նրա խոսքերով, ժողովրդավարական կառույցների ստեղծման առումով Հայաստանում կա լուրջ առաջընթաց, բայց կա նաև վստահության պակաս այդ կառույցների գործունեության նկատմամբ:

«ՀՀ նախկին նախագահը, որ որոշակի պահանջներ է ներկայացրել Սահմանադրական դատարանին, պետք է քաղաքականապես նայի արտաքին աշխարհին և ցույց տա, որ ուզում է ոչ թե պատերազմ, այլ` խաղաղություն»,-ասել է Պրեսկոտտը։

Նա նշեց, որ իր հաշվետվության մեջ նպատակ ունի նշել դրական քայլեր, որոնք կարող են նպաստել ԵԽ անդամ պետությանը ստեղծված վիճակից դուրս գալու համար և որպեսզի երկխոսության ոչ մի կողմ իրեն պարտված չզգա, և քայլեր արվեն դեպի համաձայնություն:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց քննարկել վստահության  և հանդուրժողականության խորացմանն ուղղված քայլերը և Երևանում, և, անհրաժեշտության դեպքում, Ստրասբուրգում` նշելով, որ ԵԽԽՎ-ն կարող է մեծ դերակատարություն ունենալ իրավիճակի շտկման համար:

Երեքշաբթի ՍԴ-ն սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը մեկ վարույթում, որոնք ներկայացրել են  ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը համապատասխանաբար փետրվարի 27-ին և 29-ին։

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ է կազմակերպում։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։-0-