Հայաստանի սեյսմակայանները փետրվարի 28-ից մարտի 5-ը տարածաշրջանում 9 երկրաշարժ են գրանցել

06.03.2008, 15:18
Հայաստանի սեյսմակայանները փետրվարի 28-ից մարտի 5-ը տարածաշրջանում 9 երկրաշարժ են գրանցել

 

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը ՍՊԱԾ սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չեն գրանցել, այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրներում ինը երկրաշարժ է եղել։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ), մարտի 1-ին Իրանում տեղի է  ունեցել երեք երկրաշարժ, որոնցից առաջինի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հաջորդ երկուսինը` 3 բալ: Երկրաշարժերը եղել են Խոյ քաղաքից, համապատասխանաբար, 29կմ, 35 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 39 կմ՝ դեպի հյուսիս-արևելք:

Հաջորդ օրը Ադրբեջանում 3 և 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Շեկի քաղաքից 28 կմ դեպի  հյուսիս-արևմուտք և 8 կմ դեպի հարավ-արևելք: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գյոկչայ քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևելք:

Հայաստանի սեյսմակայանները գրանցել են մարտի 3-ին և 4-ին Թուրքիայի տարածքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժերը` Սարիղամիշ քաղաքից 17 կմ և Վան քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Մարտի 3-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում է տեղի ունեցել վրացական Քվարելի քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևելք: -0-