Ղարաբաղի միջադեպի ադրբեջանական մեկնաբանությունը կառուցված է փաստերի կոպիտ կեղծման վրա. փորձագետ
Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ռազմական բախման ադրբեջանական մեկնաբանությունը կառուցված է փաստերի կոպիտ կեղծման վրա։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ–մայոր Հայկ Քոթանջյանը։
Նրա խոսքերով, փաստերն այսպիսին են՝ մարտի 4-ի առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը, խախտելով հրադադարի ռեժիմը, գրավել է ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտական դիրքերից մեկը։ Այս ամենի հետևանքով վիրավորվել է Պաշտպանության Բանակի երկու զինծառայող։
Տվյալ փաստի առնչությամբ Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը, ղարաբաղյան կողմի խնդրանքով, տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև ստատուս-քվոյի և հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման նպատակով՝ փորձել է հեռախոսային ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի ԶՈւ ղեկավարության հետ։
Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախարար Սաֆար Աբիևը, զբաղվածության պատճառով, չի կարող հեռախոսային բանակցություններ վարել։
«Հայկական կողմը, ռազմական արվեստի բոլոր կանոնների համաձայն, ձեռնարկել է համարժեք պատասխան քայլեր և ետ է շպրտել ադրբեջանցի զինծառայողներին նրանց կողմից գրավված մարտական դիրքից՝ վերականգնելով ստատուս-քվոն շփման գծում», - նշել է Քոթանջյանը։
Նա ավելացրել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հաջող ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ պաշտպանական ղեկավարությունը, ի պատասխան Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության դիմումի, տեղեկացրել է ռազմական բախման տարածքից ադրբեջանցի զոհված զինծառայողների մարմինների հանձնման համար հնարավորություն ընձեռելու պատրաստակամության մասին, և այդ փաստերի հավաստիությունը հայտնի է ԵԱՀԿ-ին։
Քոթանջյանի խոսքերով, Բաքվի կառավարական և հասարակական շրջանակները, ինչպես նաև ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն քննարկում են ադրբեջանական բանակի չհաջողված արտագրոհը՝ ադրբեջանական և միջազգային հասարակական կարծիքի «վզին փաթաթելով» տեղի ունեցածի իր տարբերակը։
«Հայաստանում ներքին կայունության վերականգնման բարդ շրջանում ադրբեջանական բանակի՝ մարտի միջոցով հայկական դիրքերի ստուգման անհաջող փորձը Բաքվի աղբյուրների կողմից մեկնաբանվում է ուղիղ հակադիր կողմից։ Ադրբեջանն այս արյունոտ արկածախնդրության հեղինակ և մեղավոր լինելը բարդում է հայկական կողմի վրա», - նշել է փորձագետը։
Նա ասել է, որ Բաքուն կեղծ թվեր է բերում, իբրև թե, զոհված հայ զինծառայողների մասին։
«Փաստերի խեղաթյուրումը նպատակաուղղված է ադրբեջանական արյունոտ արկածի ձախողումը քողարկելուն, ինչպես նաև միջազգային հասարակայնությանն ու փորձագիտական հանրությանը տեղի ունեցածի այնպիսի մեկնաբանություն մատակարարելուն, որը ձեռնտու է սեփական նախագահական ընտրարշավի մարտահրավերների փորձության առջև կանգնած Բաքվի իշխանությունների քաղաքական շահերին», - ասել է Քոթանջյանը։
Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի՝ փաստերի կոպիտ կեղծման վրա կառուցված մեկնաբանությունը և Հայաստանում արտակարգ դրության հաստատման շահարկումը, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ շահագրգիռ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև միջազգային հանրության հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձ է։-0-

