Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չի գտնվում. նախագահ Քոչարյան
Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չի գտնվում և ազատ տեղաշարժվելու իրավունք ունի։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Տեր-Պետրոսյանի նկատմամբ երբեք տնային կալանք չի կիրառվել, քանի որ, ցավոք, Հայաստանում չկա իրավական նման ռեժիմ»,-ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ խափանման նման միջոցը կիրառվում է արևմտյան մի շարք երկրներում և ավելի մեղմ պատիժ է, որը Հայաստանում անկախության հռչակումից հետո չեղյալ է հայտարարվել։
«Տեր-Պետրոսյանը ազատ է տեղաշարժվել, խնդիրն ընդամենը այն է, որ մենք չենք կարող երաշխավորել նրա անվտանգությունը զանգվածային չարտոնված միջոցառումների ժամանակ»,-ասաց Քոչարյանը։
Բացի այդ նախագահը կարծիք հայտնեց օրենսդրության փոփոխության անհրաժեշտության մասին, որի համաձայն, նման դեպքերում պահպանության ծառայության սպաներն իրենք կկարողանային ծառայությունից հրաժարվելու և իրենց լիազորությունները դադարեցնելու մասին դիմում ներկայացնել։
Տեր-Պետրոսյանը ներկա պահին գտնվում է իր նստավայրում, ուր տեղափոխվել է Պետական պահպանության ծառայության ուղեկցությամբ շաբաթ առավոտյան՝ Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո։
Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում։ Բախումների հետևանքով մահացել է ութ, վիրավորվել 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։-0-

