Ղարաբաղի ղեկավարությունը սահմանին կատարվածի պատասխանատվությունն ամբողջովին դնում է Ադրբեջանի վրա

05.03.2008, 18:52
Ղարաբաղի ղեկավարությունը սահմանին կատարվածի պատասխանատվությունն ամբողջովին դնում է Ադրբեջանի վրա

Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը սահմանին կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի ղեկավարության վրա։

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ` դրանով իսկ կոպտորեն խախտելով 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի պահանջները: Սակայն ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն-գրոհային խումբը ետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ:

«ԼՂՀ ղեկավարությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա և միջազգային միջնորդական առաքելությունից և ԵԱՀԿ-ից պահանջում է անցկացնել միջադեպի պատճառների ու հանգամանքների մանրազնին հետաքննություն, պաշտոնական քաղաքական գնահատական տալ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարության գործողություններին»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից  «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ԱԳՆ-ն նաև պահանջում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել միջադեպի գոտում` հետագայում հրադադարի ռեժիմի նման խախտումները կանխարգելելու համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂՀ ղեկավարությունը տվյալ միջադեպը դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ տարվող ռազմական հռետորության ու սպառնալիքի  քաղաքականության ուղղակի հետևանք, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լարվածություն է ստեղծում, վտանգում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի այս դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից վճռական հակազդեցության չի արժանանում: 

Շփման գծի միջադեպը հերթական անգամ ընդգծում է  ղարաբաղյան հակամարտության գոտում  միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ու խաղաղության անշրջելիության ապահովմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների անհրաժեշտությունը, ինչի մասին ղարաբաղյան կողմը բազմիցս կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ միջազգային միջնորդներին:

Այս կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտա է հղվել նաև ԵԱՀԿ Գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի  համանախագահներին, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ: --0--