ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմից զոհերի մասին լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հերքեց մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների տարածած լուրն այն մասին, թե Ղարաբաղի պաշտպանական բանակի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմից զոհեր կան։
Մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, որտեղ հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի մարտի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում ԼՂՀ և ԱՀ շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արևելք, պայմանական հրադադարի խախտման հետևանքով ԼՂՀ զինված ուժերն, իբր թե, կրել են կորուստներ` մեկ տասնյակ զոհ և վիրավորներ:
«ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի միայն երկու վիրավոր, ընդ որում՝ մեկը ծանր, որի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասաց Շահսուվարյանը։
Մարտի 4-ին, Մարտակերտի հյուսիս-արևելյան մասում Ադրբեջանի կողմից գրանցվել է բավականին լուրջ ոտնձգություն հայկական ուժերի նկատմամբ։ Որոշակի պահի հայկական կողմը զիջել է իր դիրքերից մեկը, սակայն կարողացել է ետ գրավել այն։
Հայկական կողմից կան վիրավորներ, իսկ ադրբեջնական կողմը հայտարարել է զոհերի առկայության մասին, սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։-0-