Ադրբեջանական կողմը կորցրել է ութ զինվոր՝ ղարաբաղյան դիրքերի գնդակոծման ժամանակ. ԼՂՀ պաշտպանության նախարարություն
Ադրբեջանական կողմը կորցրել է ութ զինվոր՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծման արդյունքում։ Միաժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինվոր, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածը, գրավել է Լևոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերից մեկը», - ասվում է տեղեկատվության մեջ։
ԼՂՀ զինված ուժերի օպերատիվ գործողությունների արդյունքում մի քանի ժամ տևած ինտենսիվ մարտերից հետո հակառակորդը, մարտագծում թողնելով 8 զոհ և ապառազինություն, դիմել է փախուստի:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը փաստում է, որ ադրբեջանական կողմը նման գործողությունների միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը ոչ միայն սահմանազատման գծում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Ինչպես երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, այդ միջադեպի մասին անմիջականորեն զեկուցվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Նախարարի խոսքերով, Կասպրշիկը, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի հետ միասին գտնվում է Բաքվում, որտեղ «ադրբեջանական կողմի հետ լուրջ բանակցություններ են վարում՝ հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ»։-0-