Տաջիկստանի նախագահը հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հետագա զարգացում կունենան

05.03.2008, 11:19
Տաջիկստանի նախագահը հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հետագա զարգացում կունենան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հետագա զարգացում կունենան Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում։

«Տաջիկստանը  բարձր է գնահատում գործընկերային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, որոնք  համապատասխանում են  երկու պետությունների  ազգային շահերին», - ասվում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին հասցեագրված Էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ուղերձում Ռահմոնը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի պաշտոնում Սարգսյանի գործունեության ընթացքում բազմակողմանի հայ-տաջիկական  փոխգործակցությունը նոր  զարգացում կստանա` իրավահավասարության, փոխադարձ հարգանքի  ու  միմյանց շահերը  հաշվի առնելու  հիմքի  վրա:

«Օգտվելով հնարավորությունից՝ հայտնում եմ  մեր պատրաստակամությունը առավելագույն  ջանքեր գործադրելու  Տաջիկստանի Հանրապետության  և Հայաստանի  Հանրապետության   միջև  համագործակցության   հետագա  ընդլայնման և խորացման համար», - ասել է նա։

Նա ՀՀ նորընտիր նախագահին ցանկացել է  քաջառողջություն և  հաջողություններ աշխատանքում, իսկ բարեկամ   հայ ժողովրդին` խաղաղություն  և բարգավաճում։-0-