ՀՀ վարչապետը բացառում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելը

04.03.2008, 19:53
ՀՀ վարչապետը բացառում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելը։

«Ադրբեջանի ղեկավարությունը առաջին անգամ չէ, որ հայտարարություններ է անում զինամթերք գնելու և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բայց մյուս կողմից  բանակցություններ են ընթանում, որտեղ ասվում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ հաղթելու է նորմալ քաղաքակիրթ տրամաբանությունը, և ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու է խաղաղ ճանապարհով։

Խոսելով առավոտյան պատահարի մասին՝ Սարգսյանը հաղորդեց, որ սահմանում անհանգիստ դրություն է, և ադրբեջանական կողմին հաջողվել էր ժամանակավորապես գրավել հայկական ռազմական դիրքերից մեկը, որը հետո ետ են գրավել։

«Մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարին համապատասխան կառույցների միջոցով առաջարկեցինք դադարեցնել սադրանքը և հետ քաշվել մեր դիրքերից, սակայն մերժում ստացանք, բայց ուզում եմ տեղեկացնել, որ այս ժամին այդ դիրքը գտնվում է մեր հսկողության տակ, և հակառակորդը, թողնելով բազմաթիվ զոհեր, նահանջել է»,- ասաց վարչապետը։

Մարտի 4-ին, ժամը 05։00-ի սահմաններում ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ԼՂՀ դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի ավագ լեյտենանտ, ադրբեջանական կողմից կան վիրավորներ և զոհեր։

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական ուժերը զավթել էին ԼՂՀ զինված ուժերի առաջավոր դիրքերից մեկը։ Ղարաբաղյան կողմը պատասխան կրակ է բացել՝ հակառակորդին ստիպելով նահանջել ելման դիրքեր։ ժամը 08։00-ի սահմաններում փոխհրաձգությունը դարձել է ավելի ինտենսիվ, բայց ժամը 15։00-ի մոտ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը։--0—