Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զանգվածային զոհեր չեն եղել. Ոստիկանություն

04.03.2008, 18:50
Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զանգվածային զոհեր չեն եղել. Ոստիկանություն
Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զանգվածային զոհեր չեն եղել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը հերքել է մարտի 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ բազմաթիվ զոհերի մասին լուրերը։

«Վերջին օրերին քաղաքում լուրեր են տարածվում անկարգությունների ժամանակ իբրև թե հարյուրավոր զոհերի մասին։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ճիշտ չէ, անկարգությունների ժամանակ զոհվել է ութ մարդ»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա լրագրողներին։

Բացի այդ Մահտեսյանը նաև հերքեց այդ իրադարձությունների ժամանակ հղի կնոջ և երեխայի մահվան մասին լուրը։

Ոստիկանության պետի տեղակալը հայտարարեց, որ նման «կեղտոտ տեխնոլոգիաներ» օգտագործում են ընդդիմադիր առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները՝ իրենց հանցավոր գործողությունները կոծկելու նպատակով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Ընդհարումների հետևանքով մահացել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։--0—