Օսկանյանը հուսով է, որ Մարտակերտի շրջանում զինադադարի ռեժիմը շուտով կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հուսով է, որ Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինված ուժերի հետ շփման գծում զինադադարի ռեժիմը շուտով կվերականգնվի։
Նախօրեին Մարտակերտի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից արձանագրվել է բավականին լուրջ ոտնձգություն հայկական ուժերի վրա։ Մի պահ հայկական կողմը զիջել է իր դիրքերից մեկը, սակայն կարողացել էր հետ գրավել և վերադառնալ նախնական դիրքերին։
Հայկական կողմից կան վիրավորներ, ադրբեջանական կողմը հայտարարել է զոհերի մասին, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Օսկանյանը, ստեղծված իրադրության մասին անմիջապես զեկուցվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այս պահին Կասպրշիկը ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ գտնվում է Բաքվում, որտեղ լուրջ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ զինադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ։
«Մինչև վերջերս բանակցությունները սահմանափակվում էին նրանով, որ ադրբեջանական կողմը համաձայնում էր վերադառնալ զինադադարի ռեժիմին, սակայն հրաժարվում էր վերադարձնել գրաված դիրքերը։ Սակայն այդ հարցը լուծվեց այն բանից հետո, երբ հայկական կողմը հետ գրավեց իր դիրքերը։ Կարծում եմ, որ այժմ հաշտության ռեժիմ հաստատելու հարցի լուծումը ավելի թեթև կլինի»,- ասաց Օսկանյանը։
Նա ընդգծեց, որ տվյալ պահին տարբեր տեսակի ռազմական տեխնիկայից փոխհրաձգությունը շարունակվում է։ «Մենք խստորեն դատապարտում ենք նման երևույթը և ադրբեջանական կողմին կոչ ենք անում՝ շուտափույթ դադարեցնել նման ոտնձգությունները և թույլ չտալ զինադադարի ռեժիմի խախտում»,- հայտարարեց Օսկանյանը։--0—