ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնարարված է ապահովել Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ՍԴ նիստին

04.03.2008, 15:53
ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնարարված է ապահովել Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ՍԴ նիստին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազությանը` ապահովել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի մասնակցությունը նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին նրա հայցի քննարկմանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է քննել մեկ ընդհանուր վարույթում միավորած փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ հայցերը, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, Սահմանադրական դատարանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանին հարակից տարածքից ոստիկանության զորքերը դուրս բերելու մասին։

Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները միջնորդությամբ խնդրել էին ապահովել դատական նիստի հրապարակայնությունը, որին ի պատասխան ՍԴ-ն պարզաբանեց, որ դատարանի բոլոր նիստերը ձայնագրվում են։

«Դատական նիստը նաև նկարահանվում և հեռարձակվում է հեռուստաալիքներով, սակայն մենք չենք կարող հեռուստատեսությանը ստիպել նկարահանել դատական նիստի ողջ ընաթցքը, բացի այդ, դատական նիստի հրապարակայնությունն ապահովվելու է ՍԴ լրատվական ծառայության միջոցով, որը դատական նիստերի յուրաքանչյուր օրվա արդյունքներով տարածելու է հատուկ հաղորդագրություններ»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։

ՍԴ նսիտին հայցվոր Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը ներկայացրեց նախկին նախագահի թեկնածուի հայտարարությունը։

Ղազարյանը նշեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդներն արձանագրել են էական խախտումներ, ինչն էլ հնարավորություն է տվել բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց հայցվորի ներկայացուցիչը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության երեք հաշվետվություններում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտումներ, ԶԼՄ-ներով տարբեր թեկնածուների նախընտրական քարոզարշավների ոչ հավասարաչափ լուսաբանում, ընտրությունների ժամանակ հասարակական կարգի խախտման դեպքերը։

«Դիտորդները փաստեցին, որ  ընտրատարածքների 16 տոկոսում ձայների հաշվարկը վատ է կատարվել, իսկ տեղամասերի 27 տոկոսում ձայները հաշվարկելիս հրապարակայնորեն չէին ցուցադրվում լրացված քվեաթերթիկները, ինչից ելնելով էլ մենք պահանջում ենք նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել»,- ասաց Ղազարյանը։

Ներկա պահին նիստի ընդմիջում է հայտարարվել։

«Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի  դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5, իսկ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,6 տոկոսը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման, որի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  է հայտարարվել։-0-