Երևանում արտակարգ դրություն մտցնելուց հետո ՀՀ Զինված ուժերի հետ բախումների դեպքեր չեն գրանցվել. Գլխավոր շտաբ

04.03.2008, 15:01
Երևանում արտակարգ դրություն մտցնելուց հետո ՀՀ Զինված ուժերի հետ բախումների դեպքեր չեն գրանցվել. Գլխավոր շտաբ

Երևանում արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակի ներկայացուցիչների հետ բախումների դեպքեր չեն գրանցվել։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, համապատասխանաբար, ոչ մի վիրավոր, առավել ևս՝ զոհ չի գրանցվել։

«Զինվորական ստորաբաժանումներին տրամադրված բոլոր զենք-զինամթերքն ու հանդերձանքը պահպանվել է անփոփոխ քանակությամբ, հափշտակման կամ բռնագրավման դեպքեր չեն գրանցվել», - ասաց նա։

Օհանյանի խոսքերով, Երևան են բերվել Հայաստանի զինված ուժերի պահեստային ստորաբաժանումները, որոնք, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն ունեն իրականացնել իրենց գործառույթները հանրապետության տարբեր մարզերում։

«Առաջավոր դիրքերում տեղաբաշխված բոլոր ստորաբաժանումները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում և պատրաստ են վերահսկել իրավիճակը և իրականացնել իրենց առջև դրված ցանկացած խնդիր», - ավելացրեց նա։

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներն իրականացնում են միջոցառումներ՝ արտակարգ դրության պահանջների շրջանակներում։

«Մեր առջև դրված հիմնական խնդիրները, հիմնականում, մայրաքաղաքի հատուկ կարևորության օբյեկտների պահպանության ապահովումն է, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Երևանում հասարակական և սահմանադրական կարգի պահպանման գործում Ոստիկանությանը աջակցություն ցուցաբերելը», - ասաց նա։

Միաժամանակ Օհանյանը հերքեց լուրերն այն մասին, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները զբաղված են խուզարկությամբ՝ ընդգծելով, որ նման միջոցառումները գտնվում են Ոստիկանության իրավասության ներքո։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով և համբերատարությամբ վերաբերվեցին Երևանում արտակարգ դրություն մտցնելուն։

«Նման իրավիճակներում ուժային կառույցները անպայման պետք է համագործակցեն բնակչության հետ՝ ամեն տեսակ սադրանքներից խուսափելու և կայունություն ապահովելու նպատակով», - ասաց նա։

Օհանյանը նաև հավաստիացրեց լրագրողներին, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ իր հանդիպումները կկրեն պարբերական բնույթ՝ արտակարգ դրության պայմաններում բանակի վրա դրված խնդիրների, ինչպես նաև իրական վիճակի մասին  հասարակությանը տեղեկացնելու և անհեթեթ լուրերը հերքելու նպատակով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների արդյունքում զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-