Հայաստանի զինված ուժերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ արտակարգ դրության ընթացքում տարբեր պատահարներից խուսափելու համար

Հայաստանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ` արտակարգ դրության ժամանակ կայունության պահպանման և տարբեր պատահարներից խուսափելու համար։
Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ հետագայում իրադարձությունների հնարավոր կրկնությունը կանխելու ուղղությամբ», - ասաց Օհանյանը։
Նա ընդգծեց, որ ԶՈՒ-ն միշտ պատրաստ է ցանկացած իրավիճակում շարունակել իր վրա դրված պարտականությունների կատարումը։
«Բանակը կարող է կրակել միայն նրանց վրա, ով կրակ կբացի բանակի վրա», - հայտարարեց Օհանյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են իրենց բողոքի ցույցը։
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։
Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-