Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կքննի չորս պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը

04.03.2008, 12:34
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կքննի չորս պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կքննի չորս պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը

ՀՀ խորհրդարանը երեքշաբթի  արտահերթ նիստի ժամանակ կքննի ԱԺ չորս պատգամավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և պատասխանատվության կանչելու համար։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կքննարկվի հայկական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ հարցը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են իրենց բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-