Հայաստանում ձերբակալվել է մայրաքաղաքի անկարգություններին մասնակցած 30 անձ

Հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 3-ի դրությամբ ձերբակալվել է մայրաքաղաքի անկարգություններին մասնակցած 30 անձ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նրանց մեղադրում են ոստիկանության ներկայացուցիչների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու մեջ։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը նախկինում դատվածություն ունեցող անձինք են, որոնց թվում կան ընդհուպ 6 անգամ դատված անձինք:
Նախաքննությունը շարունակվում է, հատուկ քննչական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներին, հրահրողներին իրենց պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։
Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։
Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։-0-