ՌԴ նախագահական ընտրություններին Հայաստանում հաղթել է Մեդվեդևը

03.03.2008, 17:40
ՌԴ նախագահական ընտրություններին Հայաստանում հաղթել է Մեդվեդևը
ՌԴ նախագահական ընտրություններին Հայաստանում հաղթել է Մեդվեդևը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների քվեարկությամբ ՌԴ նախագահի ընտրություններին հաղթել է Մեդվեդևը։

Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Հայաստանի տարածքում բացված ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներով Մեդվեդևը ստացել է ձայների 89 տոկոսը (6 հազար 951 ձայն), Վլադիմիր Ժիրինովսկին՝ 7 տոկոսը (542 ձայն), Գենադի Զյուգանովը՝ 3,4 տոկոս (268 ձայն), Անդրեյ Բոգդանովը՝ 0,6 տոկոս (50 ձայն)։

Հայաստանում քվեարկած ՌԴ քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 7 հազար 811 մարդ, ինչը զգալիորեն բարձր է 2007թ. դեկտեմբերին Պետդումայի պատգամավորների ընտրություններից մասնակցածների ցուցանիշից։

ՌԴ նախագահի հրամանագրով, ս.թ. մարտի 2-ին տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության նոր ղեկավարի ընտրությունները։ Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ քաղաքացիների սահմանադրական իրավունքը պահպանելու նպատակով, քվեարկությունը կազմակերպվել է Երևանում գտնվող ՌԴ դեսպանատանը և Գյումրիում՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում։

Նշված օրը ընտրական տեղամասերն ընտրողների համար բաց են եղել ժամը 08։00 – 20։00-ն։ Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրությամբ, ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, քվեարկությունը համաչափ է ընթացել։ Նկատվում էր ՌԴ քաղաքացիների ակտիվությունը, ուրախալի փաստ էր երիտասարդության մասնակցության բարձր տոկոսը։

Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում քվեարկությանը մասնակցած բոլոր ՌԴ քաղաքացիներին։--0—