Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովրդին կոչ է արել չվտանգել Հայաստանի կայունությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ է արել հայ ժողովրդին՝ ցուցաբերել ողջամտություն, հեռու մնալ եղբայրատյացության զգացումներից, տագնապը խորացնող քայլերից:
«Ազգս հայոց սգում է կորուստը իր զոհված զավակների: Նախագահական ընտրապայքարում դրսևորված անհանդուրժողության ոգին հանգեցրեց անկարգությունների, ցավալի և ողբերգական բախումների ու առճակատման»,- ասված է Կաթողիկոսի ուղերձում, որը երկուշաբթի տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից։
Գարեգին Բ-ն նշել է, որ մտահոգ և անհանգիստ է համայն ժողովուրդը` վտանգված տեսնելով իր նվիրական արժեքները` ազգի միաբանությունը, հայրենիքի խաղաղությունն ու ապահովությունը։
«Երբեք չէինք սպասի, որ բնական ողջախոհությունը մեր ժողովրդի պիտի տեղի տար ատելության և թշնամանքի առջև: Պատմության ու սերունդների առջև պատասխանատու ենք յուրաքանչյուրս։ Չլինի, որ անխոհեմ հետագա քայլերով վտանգենք մեր երկրի կայունությունը»,-ասված է ուղերձում:
Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ բոլոր հուզող հարցերն ու խնդիրները պետք է լուծել խախաղության և երկխոսության ճանապարհով, օրենքի հանդեպ հարգանք պահպանելով։
«Հավատում ենք, որ ապավինությամբ առ Աստված, արիության ոգով, հույսով ու լավատեսությամբ պիտի հաղթահարենք ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակը, վերագտնենք մեր կյանքի, մեր Հայրենիքի բարօր ընթացքը»,- նշվում է Կաթողիկոսի ուղերձում:
Երևանում ութ մարդ զոհվել է և 131-ը տուժել՝ Երևանում մարտի 1-2-ի գիշերը ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։
Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ -0-