Հայաստանի գլխավոր դատախազությունը ճշտում է Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ պատճառված վնասների չափը

03.03.2008, 14:20
Հայաստանի գլխավոր դատախազությունը ճշտում է Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ պատճառված վնասների չափը

Հայաստանի գլխավոր դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը ճշտում են շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ պատճառված վնասների չափը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ընդդիմության ցույցի մասնակիցները հրկիզել են 36 տրանսպորտային միջոց՝  ոստիկանության 13 ավտոմեքենա, 3 ավտոբուս, մասնավոր սեփականություն հանդիսացող 13 ավտոմեքենա և հասարակական տրանսպորտի միջոցներից 3 տրոլեյբուս և 4 ավտոբուս:

Մամուլի ծառայության տեղեկատվության մեջ նշվում է, որ հասարակական տրանսպորտին, պետական և մասնավոր ունեցվածքին պատճառած վնասի չափերը դեռևս ճշտվում են։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։

Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների ընդհանուր թիվը կազմել է 131 մարդ, որոնցից ութ մարդ զոհվել է։-0-