Հայաստանի խորհրդարանի պատգամավորը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածով

03.03.2008, 11:24
Հայաստանի խորհրդարանի պատգամավորը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածով

ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանին՝ կիրակի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հրահրելու կասկածով։

«Երկրապահ» կամավորականների միություն հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թվականին։ Այն ռազմականացված կազմակերպություն է, որը գլխավորում է պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

«Մալխասյանը բերման է ենթարկվել մարտի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս։ Անձնական խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 55,5 սմ երկարության մետաղաձող», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանությունից։

Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի (Պետական իշխանությունը յուրացնելը) հատկանիշներով և տեղափոխվել ձերբակալվածների պահման մեկուսարան։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը նրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների և բանակի աշխատակիցները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։-0-