Հայաստանի քաղաքական իրավիճակի ապակայունացումը կթուլացնի նրա դիրքերը ղարաբաղյան հարցում. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական իրավիճակի ապակայունացումը կթուլացնի նրա դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Այս մասին ուրբաթ ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով Երևանի պետհամալսարանի ուսանողների առջև։
«Ադրբեջանը ուշադիր հետևում է Հայաստանի քաղաքական իրավիճակի զարգացմանը, նրանց համար շատ կարևոր է, թե ինչպիսին է լինելու նոր նախագահը, պատրաստ կլինի նա, արդյոք, միակողմանի զիջումների թե ոչ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքերով, Ադրբեջանի համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը նախագահական ընտրություններից թուլացած և պառակտված դուրս գա, ինչը թույլ կտա Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հանդես գալ ավելի կոշտ ելման դիրքերից։
«Այս դեպքում ՀՀ նախագահը չի ունենա այն ամուր դիրքերը, որպեսզի լուրջ պայքար մղի, առավել ևս, որ խոսքը գնում է ոչ միայն Երևանի և Բաքվի մոտեցումների, այլև միջազգային հանրության և գործընթացում ներգրավված երկրների մասին»,- ասաց Քոչարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ադրբեջանական հասարակությունը ամուր է կանգնած ղարաբաղյան հարցի համար, ինչը չի կարելի ասել հայ հասարակության մասին։
«Երկրում տեղի ուենցած նախագահական քարոզարշավից և հետընտրական բողոքի ակցիաներից (ընդդիմության կողմից) հետո, կարծում եմ, որ կասկածներ կառաջանան Ղարաբաղի անկախության համար պայքարում հայկական հասարակության դիրքերի ամրության վերաբերյալ։ Իսկ դա նշանակում է միայն մի բան, որ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել փաստաթուղթ, որը Հայաստանի համար բարենպաստ չի լինի»,- ասաց Քոչարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մինչ օրս։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-