Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի հասարակության բողոքի խորհրդանիշն է. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարը հայկական հասարակությունում բողոքի արտահայտման հզոր քաղաքական ձև է, կարծում է Լրատվամիջոցների կովկասյանի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Տեր-Պետրոսյանն իր վրա վերցրել է բողոքի տրամադրությունների քաղաքականացման ուղու դերը։ Նա, փաստորեն, հասարակությանը ազդանշան տվեց. «Ես հակաիշխանություն եմ և իմ անձով խորհրդանշում եմ հասարակության բողոքը»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց քաղաքագետը։
Միաժամանակ նա ավելացրեց, որ իշխանություններին նետված Տեր-Պետրոսյանի ձեռնոցը իշխանությունները բարձրացրեցին։
Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ առաջին նախագահին հաջողվեց միավորել բողոքի միանգամայն տարբեր ձևեր, որոնց ներուժը հայ հասարակությունում բավականին մեծ է։
«Ազատության հրապարակում իրենց բողոքն արտահայտում են անօթևան մարդիկ՝ ի պատասխան իրենց սոցիալական անապահովության, մտավորականության ներկայացուցիչները դժգոհում են երկրում ստեղծված հոգևոր մթնոլորտից, միջին դասը բողոքում է կոռուպցիայի և աշխատանք գտնելու դժվարությունների դեմ, լսելի են նաև երիտասարդ սերնդի ձայները»,- ասաց նա։
Քաղաքագետը կարծում է, որ նման բողոքը երկար չի կարող շարունակվել, այն պետք է կամ ինչ որ բանի վերածվի կամ էլ անհետանա։ «Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծել է մեկանգամյա օգտագործման մեքենա՝ ընտրական մեխանիզմ, որպեսզի նախագահություն ստանա»,- հայտարարեց նա։
Այս կապակցությամբ Իսկանդարյանը նշեց, որ «եթե այն ամենից, ինչ տեղի է ունենում Երևանի Ազատության հրապարակում, որևէ կառույց չձևավորվի, որը կշարունակի ժողովրդին՝ իրենց դժգոհություններն արտահայտելու հնարավորություն տալ, ապա «այդ համր դժգոհությունը կմնա, և ամեն ինչ կրկնվի նորից այնքան ժամանակ, քանի դեռ նման հնարավորություն չի ստեղծվել»։
ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0—

