ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության քարտուղարը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը փակուղային է համարում
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երկրի ներքաղաքական իրավիճակը փակուղային է համարում։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 21,5 տոկոսը և զբաղեցրել երկրորդ տեղը, կողմնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում ընտրությունների արդյունքների հետ և փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ և երթեր են անցկացնում։
«Իրավիճակը փակուղային է ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար։ Իշխանությունները չեն կարող ուժ կիրառել՝ հաշվի առնելով, որ ցուցարարների թիվը չի պակասում։ Բայց մյուս կողմից էլ նոր ընտրություններ նշանակելու մասին՝ հանրահավաքի մասնակիցների պահանջը, որով նրանք հանդես էին եկել դեռ փետրվարի 20-ին, չի կատարվել»,- ասաց Սաֆարյանը։
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու բոլոր նախաձեռնությունները պետք է դառնան ընդդիմադիր բոլոր ուժերի քննարկումների առարկան։
Միաժամանակ նա նշեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը սպասում է փետրվարի 19-ի ընտրություններում հաղթանակած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկության կոնկրետացմանը։ Սարգսյանը ընդդիմությանը համագործակցություն էր առաջարկել՝ ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարություն ձևավորելը։
«Այս առաջարկության շրջանակներում քայլեր ձեռնարկելու սխեման մեզ դեռևս անծանոթ է»,- ասաց Բախշյանը։
Նա նաև ավելացրեց, որ հետագա գործողությունները կարելի է կոնկրետացնել միայն նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռից հետո։
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ անդամ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը համաձայն չէ իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ ընդդիմության ակցիաներն արտոնված չեն։ Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրությունում այդպիսի հասկացություն պարզապես չկա։--0—