«Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցությունը միացել է Հայաստանի իշխող կոալիցիային
«Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցությունը միացել է Հայաստանի իշխող կոալիցիային, որի կազմում են Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, համապատասխան համաձայնագիր է ստորագրվել ուրբաթ ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի և «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջև։
«Կոալիցիայի նման ձևաչափը չի բացառում նրանում ՀՅԴ-ի մասնակցությունը, և եթե մենք ՀՅԴ-ից՝ մեզ միանալու պաշտոնական պատասխան ստանանք, ապա կոալիցիան կդառնա քառակողմ», - ասաց Սարգսյանը։
Ինչպես տեղեկացրեց «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, երկու կուսակցությունների քաղաքական կառույցները միանգամայն հավանության են արժանացրել կոալիցիայի ստեղծման մասին որոշումը։
«2008 թ.-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկու կուսակցությունների ետևում կանգնած է ավելի քան 1,1 մլն մարդ, ինչը հզոր ուժ է։ Սա խոսում է իշխանությունների նկատմամբ վստահության և տարբեր տեսակի մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու հնարավորության մասին», - ասաց «ՕԵ» կուսակցության առաջնորդը։
Միաժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ համաձայնագրի շրջանակներում Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է զբաղեցնել ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը նա ընդունել է։
ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն 2007 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրել են կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիր, որն իր հերթին համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ։
Սակայն փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հայտարարել է, քաղաքական նկատառումներով, կոալիցիայի պայմանագրով նախատեսված նրան ամրագրված պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամության մասին։-0-

