Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

«Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է Հայաստանի իշխող կոալիցիայի հետ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «ՕԵ» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։
Ներկա պահին կառավարության շենքում ընթանում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։
«Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվել է միանալ կոալիցիոն համաձայնագրին, և մենք ընդառաջ ենք գնացել։ Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը», - ասաց Աբրահամյանը։
Նա նաև նշեց, որ կուսակցությանը դեռևս այլ պաշտոններ չեն առաջարկվել։
Այժմ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն է։
Փետրվարի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանրապետության ընդդիմադիր ուժերին իշխանությունների հետ համագործակցելու կոչ է արել։ Համագործակցելու մասին՝ Սարգսյանի կոչին արդեն արձագանքել են մի շարք քաղաքական ուժեր։
«Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ (2003-2006 թթ.) Արթուր Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ընտրազանգվածի ձայների 17,7 տոկոսով զբաղեցրել է երրորդ տեղը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։-0-