Հայաստանին սումգայիթյան ջարդերի վերաբերյալ միասնական փաստաթուղթ է անհրաժեշտ. փորձագետ
Հայաստանին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ միասնական փաստաթուղթ է անհրաժեշտ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Հայաստանում այս գործի առնչությամբ որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա՝ բացառությամբ այն նյութերից, որոնք հավաքվել են մի քանի կամավորների շնորհիվ։
«Մեզ անհրաժեշտ է սթափվել, սկսել աշխատանքը՝ հետագա սերունդներին այս իրադարձության մասին գոնե նյութեր թողնելու համար», - ասաց Սահակյանը։
Այս նպատակով Փաստաբանների պալատի նախագահը դիմել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ նախկին Խորհրդային միության տարբեր դատական ատյաններում գտնվող սումգայիթյան իրադարձությունների փաստով քրեական գործերի նյութերը հավաքելու և դրանց պատճեները մեկ հանդեսում հրատարակելու մասին առաջարկով։
«Ես կարծում եմ, որ այս գործի համար Հայաստանի կառավարությունում կգտնվի մի քանի հարյուր հազար դոլար», - ավելացրեց նա։
Միաժամանակ Սահակյանն ավելացրեց, որ սումգայիթյան իրադարձություններից 20 տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկվել՝ Ադրբեջանում հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
«Միանշանակ, դա եղել է Հայոց ցեղասպանություն Ադրբեջանում, սումգայիթյան ջարդերը համապատասխանում են Ցեղասպանության հանցանքի կանխման և դրա համար պատժելու մասին ՄԱԿ-ի Կոնվենցիային», - նշեց նա։
Հայ հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանն իր հերթին կարևորեց սումգայիթյան ջարդերի վերաբերյալ միասնական փաստաթղթի ստեղծումը։
«Անհրաժեշտ է ստեղծել միջազգային մասնագետներից կազմված խումբ, որոնք կուսումնասիրեն այս փաստը և կտան իրենց եզրակացությունը», - ասաց նա։
Միաժամանակ Ուլուբաբյանն ավելացրեց, որ մինչև այժմ նրա տանը մնում են սումգայիթյան գործի վերաբերյալ 5-6 արկղ արխիվային նյութեր, որոնք դեռևս չեն թարգմանվել ադրբեջաներենից։
«Բացի գրավոր փաստաթղթերից ինձ մոտ նաև պահպանվել են մի քանի դատական գործերի ձայնագրություններ», - ավելացրեց հրապարակախոսը։
1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։--0--