Հայաստանի ԱԱԾ-ն կոչ է անում ընդդիմությանը՝ չխոչընդոտել իրենց աշխատակիցների աշխատանքին

28.02.2008, 16:05
Հայաստանի ԱԱԾ-ն կոչ է անում ընդդիմությանը՝ չխոչընդոտել իրենց աշխատակիցների աշխատանքին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որով կոչ է արել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ովքեր մասնակցում են Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին, չխոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների օրինական գործունեությանը։

«Երեկ ուշ երեկոյան ապօրինի հանրահավաքի  մասնակիցները բռնել են Ազգային անվտանգության ծառայության  երկու աշխատակիցների, որոնց ներկայացրել են իբրև  «սադրիչներ»։  Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցներն ազատ են արձակվել»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունում հավաստիացրեցին, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կշարունակեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունների կատարումը։

«Մենք զգուշացնում ենք որոշ  «տաք գլուխների», որ  ծառայողական  գործունեությունը  խոչընդոտելու յուրաքանչյուր փորձ կբերի  օրենքով նախատեսված  խստագույն  պատասխանատվության»,-ասված է հայտարարության մեջ։

«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով օրենքով վերապահված սահմանադրական կարգի  պահպանման և ժողովրդի  անվտանգության ապահովման գործունեությունը, հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների  ջանքերի շնորհիվ վերջին օրերին  ապօրինի  հանրահավաքի ծայրահեղական  տրամադրված  մասնակիցների մոտից  առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, թունավոր և պայթուցիկ  նյութեր, որի վերաբերյալ ԱԱԾ Քննչական վարչությունը  6 անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել Հայաստանի Քրեական օրենսգրքի 300 հոդվածի  հատկանիշներով (պետական իշխանության զավթում)»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ սա վկայում է այն մասին, որ «ԱԱԾ-ն գործում է միայն ի նպաստ ժողովրդի, ընդ որում, ապահովում է նաև հանրահավաքի  մասնակիցների  անվտանգությունը»:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում` ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։—0--