Հայաստանի նախագահը կարևոր է համարում երկրում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության ստեղծումը

28.02.2008, 15:49
Հայաստանի նախագահը կարևոր է համարում երկրում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության ստեղծումը
Հայաստանի նախագահը կարևոր է համարում երկրում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարևորել է հանրապետությունում Եվրահանձնաժողովի մշտական առաքելություն ստեղծելու անհրաժեշտությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին նախագահի լրատվական ծառայությունից, այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է հինգշաբթի՝ ընդունելով Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հավատարմագրերը։

«Հանրապետության նախագահը, ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ ղեկավարին, Եվրամիության հետ հարաբերությունները գնահատել է արդյունավետ և, միաժամանակ, նշել է, որ տեսանելի են դրանք ընդլայնելու հնարավորությունները»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին նախագահի լրատվական ծառայությունից:

Իր հերթին դեսպան դե Լուցենբերգերը նշեց, որ Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ:

Այդ առումով նա առանցքային է համարել նոր հարևանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ:

Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նոր շենքը բացվել է 2008թ. փետրվարի 5-ին։

Ինչպես հայտարարել է արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, գրասենյակի բացումը վկայում է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև մեր հանրապետության՝ եվրոպական հարևանության քաղաքականության մեջ էլ ավելի ընդգրկված լինելու մասին։--0—