ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները չեն ազդել դրանց արդյունքների վրա. ՀՀԿ

28.02.2008, 14:33
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները չեն ազդել դրանց արդյունքների վրա. ՀՀԿ
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները չեն ազդել դրանց արդյունքների վրա. ՀՀԿ

ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումները զանգվածային չէին և լուրջ ազդեցություն չեն ունեցել դրանց արդյունքների վրա, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Նախագահական ընտրությունների ժամանակ եղել են ընտրախախտումներ, բռնության, սադրանքի դեպքեր։ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտել է այդ երևույթները։ Ինքը՝ վարչապետը հայտարարել է, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, և դրա համար կան իրավապահ մարմինները», - ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ արդեն հարուցվել են քրեական գործեր՝ տարբեր թեկնածուների վստահված անձնաց կողմից կատարված բազմաթիվ խախտումների փաստերով։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ գոյություն ունի իշխանությունների սահմանազատում, և ընդդիմությունը, օրենքով սահմանված կարգով, պետք է դիմի համապատասխան մարմիններին», - նշեց Շարմազանովը։

ՀՀԿ մամուլի քարտուղարն ընդգծեց, որ զանգծվային խախտումների մասին խոսող ուժերը պետք է ներկայացնեն համապատասխան ապացույցներ։

«Այսօր այն ժամանակը չէ, երբ կարելի է ինչ-որ բանի հասնել դատարկ ամբոխավարությամբ։ Եթե ինչ-որ մեկն ունի խախտումները ապացուցող փաստեր, ապա թող դիմի իրավապահ մարմիններ, դատարաններ, վերջիվերջո, Սահմանադրական դատարան։ Եթե կան լուրջ խնդիրներ, թող դատարանը դա որոշի», - ասաց Շարմազանովը։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ ընտրարշավի ընթացքում արձանագրված առանձին խախտումները զգալի չեն եղել՝ ընտրությունների արդյունքները փոխելու համար։

Եվրոպացի դիտորդների գնահատականներով, ընտրությունները, հիմնականում, համապատասխանել են Հայաստանի կողմից իր վրա վերցված պարտավորություններին։ Միաժամանակ նշվել է թերությունների վերացման անհրաժեշտությունը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում չեն դադարում ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, քայլերթերը. նրանք համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ --0--