ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ընդդիմությունն իր համերաշխությունը կհայտնի իր ձերբակալված կողմնակիցներին

27.02.2008, 18:16
ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ընդդիմությունն իր   համերաշխությունը կհայտնի իր ձերբակալված կողմնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ընթացող  ընդդիմության հանրավաքի մասնակիցները մտադիր են երթ կազմակերպել դեպի գլխավոր դատախազության շենք՝ ի նշան համերաշխության իրենց ձերբակալված կողմնակիցներին։

Ինչպես հանրահավաքից հայտնում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, Ազատության հրապարակից ցուցարարները կանցնեն Աբովյան փողոցով, որտեղից կգնան Հանրապետության հրապարակ և կուղղվեն   դեպի Գլխավոր դատախազության շենք։

Գլխավոր դատախազության շենքի մոտ ցուցարաներն իրենց համերաշխությունն են հայտնելու իրենց այն կողմնակիցներին, որոնք ձերբակալվել են վերջին ժամանակներս, ինչից հետո անցնելու են Վազգեն Սարգսյանի փողոցով, Իտալիայի փողոցով՝ դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղից նույն երթուղով վերադառնալու են Ազատության հրապարակ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր՝ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր գործողություննների կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որոնց համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այս պահին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել կամ կալանավորվել են ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի Եղվարդի նախընտրական շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։--0—