Հայաստանի պետական կառույցների շատ ներկայացուցիչներ դե-ֆակտո ընդդիմության կողմն են անցել. Տեր-Պետրոսյան

27.02.2008, 18:05
Հայաստանի պետական կառույցների շատ ներկայացուցիչներ դե-ֆակտո ընդդիմության կողմն են անցել. Տեր-Պետրոսյան

Հայաստանի պետական կառույցների շատ ներկայացուցիչներ դե-ֆակտո ընդդիմության կողմն են անցել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ելույթ ունենալով Երևանի կենտրոնում կազմակերպված հանրահավաքի մասնակիցների առջև։

«Հայաստանի պետական կառույցների շատ ներկայացուցիչներ դե-ֆակտո անցել են մեր կողմը, սակայն դեռևս բացեիբաց չեն հայտարարում այդ մասին՝ վախենալով հետապնդումներից»,-ասաց Տեր-Պետրոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը հանրահավաքից։

Ինչպես նշեց առաջին նախագահը, դրանք, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են, նախարարությունների, խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներ։ Նրանց մեծ մասը գտնվում է Ազատության հրապարակում՝ հանրահավաքի մասնակիցների մեջ։

«Քիչ մարդիկ են մնացել, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, և որտեղ է թաքնված ճշմարտությունը։ Ճշմարտությունը գտնվում է այստեղ, քանի որ մենք պայքարում ենք դրա համար։ Սակայն հենց այդ մի քանի մարդիկ հնարավորություն ունեն ազդել ժողովրդի վրա»,-ասաց Տեր-Պետրոսյանը։

Ընդ որում նա ավելացրեց, որ հայ ժողովրդին այսօր արդեն անհնար է խաբել «Առաջ, Հայաստան» կարգախոսներով, որովհետև նա արդեն չի մոլորվում։  

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0--