ԵԱՀԿ գործող նախագահն արդյունավետ է համարում ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան արդյունավետ է համարում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ Մինսկի խմբի ծավալած գործունեությունը։
«Դեռևս ոչ ոք այնպիսի փաստարկներ չի ներկայացրել, որոնք կկարողանային ինձ համոզել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, և եկել է նրա աշխատանքն ավարտելու պահը։ Իմ կարծիքով, Մինսկի խումբը լրացուցիչ միջազգային ներդրում է բերում բանակցային գործընթացում և լավ արդյունքների հասնելու գրավականն է»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Կաներվան։
Նրա խոսքերով, Մինսկի խումբը գործուն մեխանիզմ է, և այժմ «լքել մի նավը՝ մյուսը նստելու համար՝ չիմանալով, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, ռիսկային կլիներ»։
Միաժամանակ Կաներվան նշեց, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի նոր նախագահի միջև երկկողմ շփումները և հանդիպումները շատ կարևոր և անհրաժեշտ են։
«Նման հանդիպումներից հետո ես ակնկալում եմ հետագա արդյունքներ»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-