Դաշնակցությունը լուրջ տարաձայնություններ է ունեցել կոալիցիայի հետ

26.02.2008, 17:08
Դաշնակցությունը լուրջ տարաձայնություններ է ունեցել կոալիցիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն լուրջ տարաձայնություններ է ունեցել կոալիցիայի հետ, երեքշաբթի հայտարարեց Հայաստանում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը։

«Մեր փոխգործակցությունն ավելի շատ մրցակցային բնույթ ուներ, քան գործընկերային, և մենք լուրջ տարաձայնություններ ունեինք մի շարք հարցերի շուրջ, այդ իսկ պատճառով քաղաքական էթիկան պահանջում է դադարեցնել մեր մասնակցությունը կոալիցիայի աշխատանքներին»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով կոալիցիայի հետ ստորագրած համաձայնագրին, առաջարկում է դադարեցնել իր մասնակցությունը նրանում։ «Մենք պատրաստ ենք հրաժարվել զբաղեցրած բոլոր պաշտոններից, քանի որ դրանք պահպանելը մեզ համար ինքնապատակ չէ»,- ասաց Ռուստամյանը։

Նա պարզաբանեց, որ գոյություն ունի կոալիցիայից դուրս գալու երեք միջոց՝ անհաղթահարելի խոչընդոտների պատճառով, կողմերից մեկի  հայտարարությամբ և բոլոր կողմերի համաձայնությամբ։

«Մենք գնացինք երրորդ ճանապարհով, քանի որ կողմ ենք քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին։ Ընտրական ողջ շրջանի ընթացքում մենք փորձեցինք լինել անկողմնակալ և քաղաքակիրթ պայքար մղել, դեմ էինք հասարակության բևեռացմանը և վարում էինք մեր նախընտրական ուղին, այդ պատճառով էլ մեր գործողությունները որևէ մեկին դեմ չէին կամ որևէ մեկի շահերի շրջանակներում չէին»,- ասաց նա։

Ռուստամյանը պարզաբանեց, որ չնայած ընտրությունների արդյունքներին, կոալիցիայի համաձայնագիրը փաստացիորեն գործում է մինչև ապրիլի 9-ը, քանի դեռ չի ավատվի ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի լիազորությունների ժամկետը, և խոսքը գնում է հենց դա դադարեցնելու մասին։

Նա նշեց, որ կուսակցությունը, ղեկավարվելով երկրի կայունությունը և առաջընթացը պահպանելու անհրաժեշտությամբ, առաջարկում և պահանջում է, որպեսզի անաչառ ու ամբողջական քննության ենթարկվեն ընտրական կեղծիքների բոլոր փաստերը, իսկ  մեղավորները պատժվեն։

«Եկել է պատասխանատվության պահը, և բոլոր մեղավորները պետք է անպայման պատժվեն։ Եթե մենք չղեկավարվենք այս ուղով, ապա հետագայում նույնպես կարձանագրենք նման փաստեր»,- ասաց նա։

Միաժամանակ ՀՅԴ-ն կոչ արեց կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը. ընդդիմության կոչ արեց՝ բռնի իշխանության գալու փորձեր ձչեռնարկել, իսկ իշխանություններին՝ հարգել այն մարդկանց կարծիքը, ովքեր բողոքարկում են ընտրությունների արդյունքները։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

2007թ. հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև իշխող  կոալիցիա ստեղծելու մասին։ Իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։

Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը:

Փետրվարի 22-ին Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։ --0—