Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում շարունակելու են խաղաղ ակցիաները

26.02.2008, 16:13
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում շարունակելու են խաղաղ ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում շարունակելու են խաղաղ ակցիաները։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը։

«Մենք շարունակելու ենք մնալ Ազատության հրապարակում, շարունակելու ենք մեր գործողություններն իրականացնել՝ բացառապես օրենքի շրջանակներում, որևէ առիթ չենք տա, որպեսզի իշխանությունները մեզ մեղադրեն օրենքի խախտման մեջ և պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունը չհանձնվի ժողովրդի ընտրած թեկնածուին»,- ասաց Մուսինյանը։

Նա նշեց, որ չնայած ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին, ցուցարարների վճռականությունը չի նվազել, հակառակը՝ մեծացել է։

«Ժողովուրդը ոչ միայն չի հիասթափվել ընդդիմությունից, այլև իր աջակցությունն է արտահայտում Տեր-Պետրոսյանին և պատրաստ է Ազատության հրապարակում կանգնել մինչև հաղթական ավարտ»,- ասաց Մուսինյանը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ 11 մարդ հայտարարել է Ազատության հրապարակում անժամկետ հացադուլի մասին, ինչի մասին տեղեկացվել են բոլոր համապատասխան կառույցները, դիվանագիտական առաքելությունները և դիտորդական առաքելությունները։

Դրա հետ մեկտեղ, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ այսօր բախում տեղի ունենա ընդդիմության և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին սատարող ցուցարարների  միջև, որը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում, Մուսինյանը նկատեց, որ ընդդիմությունը ժողովրդին բախման չի հրահրի։

«Մենք ժողովրդին չենք հրահրի կամ չենք դրդի բախման գնալ, եթե դա հրահրեն իշխանությունները, ապա պատասխանատվությունն էլ կկրեն հենց իրենք»,- ասաց Մուսինյանը։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:--0-