Հայաստանի իշխանությունները պետք է կառուցողական երկխոսություն հաստատեն բողոքող ընդդիմության հետ.ԵԱՀԿ

Հայաստանի իշխանությունները պետք է կառուցողական երկխոսություն հաստատեն նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության հետ։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան (Ilkka Kanerva)։
«Ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական երկխոսության և օրինական գործողությունների ճանապարհ գտնեն։ Հայաստանի քաղաքական մեծամասնությունը պետք է կառուցողական գործի՝ հարգելով ժողովրդավարական քաղաքական ընթացակարգերը։ Սա երկրում կայունության հաստատման միակ ճանապարհն է», - ասաց Կաներվան։
Նրա խոսքերով, նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը բավականին բարդ է, ավելին՝ որոշ ընդդիմադիր կուսակցություններ բողոքարկում են դրանց արդյունքները։ Միաժամանակ ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ տեղեկացված է Հայաստանում ստեղծված նեխընտրական, ընտրական և հետընտրական իրավիճակի մասին։
«Իհարկե, ես չգիտեմ դրության բոլոր մանրամասները։ Անհրաժեշտ է սպասել նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ամփոփիչ զեկույցի հրապարակմանը, որը պատրաստ կլինի ապրիլի կեսերին», - ավելացրեց նա։
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկկա Կաներվան փետրվարի 25-ին մեկօրյա այցով ժամանել է Հայաստան։
Այցի ընթացքում հանդիպումներ են ծրագրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։-0-