ՀՅԴ-ն պատրաստ է հրաժարվել պետական պաշտոններից. hայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն պատրաստ է հրաժարվել կուսակցությանն ամրագրված պետական պաշտոններից։ Այս մասին ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունում՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։
«Հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ և դիմում ենք քաղաքական Կոալիցիային՝ համագործակցությունը դադարեցնելու առաջարկով»,- ասվում է հաղորդագրությունում, որը երկուշաբթի ստացել է «Նովոստի-Արմենիան»:
Հայաստանի ԿԸՀ` նախօրեին հրապարակած վերջնական տվյալներով, փետրվարի 19-ի ընտրությունների հաղթող է ճանաչվել ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որի օգտին քվեարկել է ընտրողների 52,86%-ը։ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը հավաքել է ձայների 6,2%-ը՝ ինը թեկնածուների շարքում գրավելով չորրոդ տեղը։
2007թ. հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև իշխող կոալիցիա ստեղծելու մասին։ Իր հերթին քաղաքական կոալիցիան համաձայնագիր է ստորագրել ՀՅԴ-ի հետ՝ համագործակցության մասին։
Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը:
Փետրվարի 22-ին Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից։ --0—