Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել ԱԳ նախարարին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (Alfredo Peres Bravo, նստավայրը` Մոսկվա):
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եվ տեղեկատվության վարչությունից, ԱԳ նախարարը հաջողություն է մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում։
Նախարարը նաև հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-մեքսիկական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում նոր լիցք և որակ կստանան:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը:
Ալֆրեդո Պերես Բրավոն ծնվել է 1956թ. Մեխիկոյում: Ավարտել է Մեխիկոյի Ազգային ինքնավար համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1976թ. անցել է աշխատանքի Մեքսիկայի ԱԳՆ-ում:
1990-94թթ. եղել է Աֆրիկյան երկրներում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան, 1991-94թթ.` Ալժիրում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան: 1998-2001թթ. նշանակվել է Պանամայում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան, 2001թ.՝ Մալազիայում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան:
Տիրապետում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: --0--

