Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ընդդիմությանը` դադարեցնել չարտոնված հանրահավաքները

25.02.2008, 19:38
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ընդդիմությանը` դադարեցնել չարտոնված հանրահավաքները
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ընդդիմությանը` դադարեցնել չարտոնված հանրահավաքները

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը կոչ է անում մայրաքաղաքում զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին` դադարեցնել մայրաքաղաքում չարտոնված հանրահավաքները և նստացույցերը։

«Արդեն 5-րդ օրն է, ինչ խախտելով «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, Երևանի Ազատության հրապարակում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպվում են չարտոնված հանրահավաքներ, նստացույց և երթեր»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Հաղորդագրությունում ասվում է, որ առանց սահմանված իրազեկման և թույլտվությունների իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումները էապես խաթարում են Երևան քաղաքի բնականոն կյանքը, առաջացնում են խցանումներ և անանցանելի դարձնում կենտրոնական փողոցները, հրապարակներն ու խաչմերուկները, բարդություններ ու խոչընդոտներ առաջացնում` քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ և անխափան երթևեկության համար: 

Երևանի քաղաքապետարանը նշում է, որ նշված միջոցառումների անցկացման վայրերում ստեղծվել է հակահիգիենիկ և հակասանիտարական վիճակ: Գիշերային ժամերին Ազատության հրապարակում չեն պահպանվում նաև օրենսդրությամբ սահմանված լռության կանոնները, որով խախտվում է հարակից շենքերում բնակվող քաղաքացիների անդորրը և հանգիստը` առաջացնելով բնակչության արդարացի դժգոհությունը:

«Քաղաքապետարան են դիմում հազարավոր երևանցիներ` արտահայտելով իրենց անհանգստությունը և վրդովմունքը:

Ստեղծված իրավիճակը համարելով անթույլատրելի` Երևանի քաղաքապետարանը կոչ է անում Երևան քաղաքում վերջին օրերին անցկացվող զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին` դադարեցնել չարտոնված հանրահավաքները, երթերը և նստացույցը, չխոչընդոտել տրանսպորտի անխափան երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին, չխանգարել Երևանի բնակիչների անդորրն ու հանգիստը, վերականգնել մայրաքաղաքի կյանքի բնականոն ռիթմը»,- ասվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում տեղի են ունենում հանրահավաքներ, երթեր, ինչպես նաև նստացույցեր՝ կազմակերպված ընդդիմության կողմից։ Ընդդիմության բողոքի ակցիաների կազմակերպիչները և մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած արդյունքների հետ։

ՀՀ ԿԸՀ հրապարակած վերջնական տվյալների համաձայն, ՀՀ նոր նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ձայների 52,82 տոկոսը։--0—