Հայաստանի բնակչության մեծ մասը գոհ չէ բարեկեցության աստիճանից. ՎԶԵԲ

25.02.2008, 17:10
Հայաստանի բնակչության մեծ մասը գոհ չէ բարեկեցության աստիճանից. ՎԶԵԲ

Հայաստանի բնակչության մեծ մասը գոհ չէ իր բարեկեցության աստիճանից։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆֆը՝ ներկայացնելով «Անցումային շրջանի հաշվետվություն – 2007-ը»։ 

«Հայաստանն այս հարցում հետ չի մնում անցումային շրջանում գտնվող մյուս երկրներից, և հանրապետությունում շատ մարդիկ իրենց բարեկեցության աստիճանից գոհ չեն։ Սակայն պետք է խոստովանել, որ քաղաքացիները հիմնականում իրենց դրությունը համեմատում են մյուս երկրների բմակչության բարեկեցության հետ»,-ասաց նա։

Ընդ որում Բերգլոֆֆը նշեց, որ ՎԶԵԲ-ի «Անցումային շրջանի կյանքը» հետազոտության համաձայն, անցումային շրջանի երկրների մարդկանց մեծամասնությունը, այդ թվում և Հայաստանում, խոստովանում են, որ այսօր իրենք ավելի լավ են ապրում, քան մինչ անցումային  շրջանի սկիզբը։

«Չնայած անցումային շրջանի հետ կապված շատ դժվարություններին, դժվարությունների  միջով անցած մարդկանց մեծամասնությունը քաջալերում է տնտեսական և քաղաքական ազատության անցումը»,- ասաց ՎԶԵԲ-ի տնտեսագետը։

Ինչպես նշեց Բերգլոֆֆը, մարդիկ խորապես համոզված են, որ հարաբերական առումով իրենց եկամուտները նվազել են։ Նրա խոսքերով, հատկապես սրա հետ է կապված այն, որ բնակչությունը հոռետեսորեն է արձագանքում այն հարցերին, թե ինչպես շուկայական տնտեսությունը կարող է լավացնել իրենց բարեկեցությունը։

«Անցումային շրջանի կյանքը» հետազոտությունը ՎԶԵԲ-ը, Համաշխարհային բանկի հետ համատեղ, իրականացրել է 29 երկրներում։  Հետազոտության շրջանակներում հարցումներ են անցկացվել տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների շրջանում՝ ֆերմերներից, բանվորներից մինչև տնային տնտեսուհիներ՝ նպատակ ունենալով ճշտել, թե ինչ ձևով է անցումային շրջանն ազդել նրանց և նրանց աշխարհընկալման վրա։

Համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Անցումային շրջանի հաշվետվություն-2007-ի» արդյունքների, 2007թվականին կանխատեսվող ՀՆԱ-ի հնարավոր աճը Հայաստանում կազմում է 8,5%՝ 2006 թվականի 13,4%-ի փոխարեն։--0-