Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալն ու ՊԵՆ նախկին նախարարը մեղադրվում են իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնություն կիրառելու մեջ
Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին և պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանին։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից, Ջհանգիրյանին և Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության կիրառում)։
Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փետրվարի 23-ին ձերբակալել են Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին և ևս երկու քաղաքացու։ Երկու մեքենաների զննման ժամանակ, որոնցից մեկում գտնվում էր Գագիկ Ջհանգիրյանը, հայտնաբերվել է հրազեն, դանակ, ձեռնաշղթաներ և զրահաբաճկոն։
Նման հանգամանքներում նախօրեին ոստիկանություն բերման են ենթարկվել պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը և նախկինում դատված ևս երկու քաղաքացի։ ՀԴՊԳՎ աշխատակիցների խուզարկության ժամանակ Այվազյանի ավտոմեքենայի սրահում զենք և մահակ է հայտնաբերվել։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմադիր ցույցի կազմակերպիչներն ու ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնում ԿԸՀ-ի հրապարակած նախագահական ընտրությունների արդյունքներին, որի համաձայն Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82-%ը, իսկ Տեր-Պետրոսյանը 21,5%-ը։-0-